Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Հայաստանի նախագահի ամանորյա ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ,ավարտվում է 2012 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կյանքի տարի էր:

2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգեւի:

Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ: 40 հազար փոքրիկների հայացքներ զարմանքով ու ժպիտով առաջին անգամ նայեցին հայոց արեւին ու ջերմացրեցին արեւն իրենց խինդով: Հայաստանի Հանրապետության ավելի քան 40 հազար քաղաքացի: Մեր սերունդը: Մեր բոլորի ուրախությունը: Թող 2013-ն անամպ երկինք բերի մեր բոլոր զավակներին: Թող հայաստանցու տունը բերկրանք ապրի մանկան ճիչով: Ու թող խաղաղվի մայրերի երջանկությամբ:

2012 թվականին մեր մեծ ընտանիքի 36 հազար մանուկ առաջին անգամ մտավ դպրության տաճար: Դասագիրք բացեց ու նստեց դպրոցականի նստարանին: Թող 2013-ը նոր հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու համար անհրաժեշտ գիտելիքներ պարգեւի: Մեր երկրի ապագան, մեր ապագան ամենից առավել կախված է հենց երեխաների կրթությունից: Մեր վաղվա քաղաքացուց: Արարելու նրա կամքից եւ ունակությունից:

2012-ը զինվորագրեց մեր տասնյակ հազարավոր զավակներին: Բանակ զորակոչեց, որ դարձնի տղամարդ, հայրենքի պաշտպան ու ընտանիքի հենարան: 2012 թվականը մեր զավակների բազկի ուժին ու կարգապահությանը, մտքի զորությանն ու աչալրջությանը հենված՝ անխախտ պահեց մեր սահմաններն ու անվտանգ՝ մեր Հայրենիքը: Թող 2013-ն ու 2014-ը ապահով ծառայություն պարգեւեն նրանց, պահպանեն վտանգներից: Թող անվնաս ու ամրացած տուն բերեն մեր տղաներին: Խաղաղություն պարգեւեն մեր հողին:

2012 թվականին հազարավոր հայաստանցիներ աշխատանք գտան կամ նոր գործ սկսեցին: Մեր երկիրը մի քիչ էլ առաջ գնաց իր զավակների ջանքերով: Գյուղացու չարչարանքով ու արվեստագետի ստեղծագործ պոռթկումով, գիտնականի մտքի թռիչքով ու ձեռնարկատիրոջ քաջությամբ: Թող 2013-ը նոր աշխատանք, նոր եռանդ ու նոր երազանք պարգեւի բոլորին: Նոր ձեռքբերումներով պսակի յուրաքանչյուրիս ջանքերը:
Թող Ամանորի թարմ շունչը մտնի մեր մեծ ընտանիք, որտեղ տքնել գիտեն հանուն զավակների: Որտեղ հարգել գիտեն ու մեծարել: Որտեղ գիտեն նվիրվել ու պահանջել: Որտեղ կարողանում են սահման ու Հայրենիք պաշտպանել: Որտեղ գիտեն ու կարողանում են սիրել:

Հարգելի հայրենակիցներ,

Անցնող տարին նաեւ փորձության տարի էր հատկապես սիրիահայ մեր եղբայրների եւ քույրերի համար: Ես ոգու կորով եւ արիություն եմ մաղթում նրանց, ովքեր ապաստանել են հայրենիքում եւ նրանց, ովքեր Սիրիայում են: Տա Աստված, որ շատ շուտով դադարեցվի արյունահեղությունը, խաղաղություն հաստատվի մեր բարեկամ երկրում, եւ Սիրիայի ժողովրդի, այդ թվում՝ մեր հայրենակիցների կյանքը մտնի բնականոն հուն:

Սիրելի բարեկամներ,

Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով եւ զարգացման մեծ ակնկալիքներով: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ուղեգիծը ճիշտ է եւ բխում է մեր ժողովրդի շահերից: Իհարկե, սրբագրելու շատ բան կա: Միասին ենք անելու:

Ու թող գա 2013-ը: Մտնի մեր հարյուր հազարավոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկություն: Ապահովություն ու խաղաղություն: Եռանդ ու հոգու ջերմություն: Նաեւ աշխատանք, արդար վաստակ: Ու անսպառ սեր: Մեր մեծ ընտանիքին: Յուրաքանչյուրիս:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.